Թող այս գալիք Նոր տարին,
հրաշք բերի աշխարհին,
խաղաղություն հաստատուն՝
ամեն օջախ, ամեն տուն։
Երջանկություն թող բերի
սիրող, բարի սրտերին,
իսկ ով չար է, վարքով բիրտ`
զուլալ հոգի, մաքուր սիրտ։
ՈՒրախություն թող բերի,
մեղավորին թող ների,
ով աղքատ է կամ հիվանդ,
ցավ չունենա, ոչ էլ դարդ։
Տնանկ մարդուն՝ վայել տուն,
անքուն մարդուն` հանգիստ քուն,
մեծին՝ պատիվ ու հարգանք,
անգործ մարդուն՝ աշխատանք:
Աշխատողին՝ պատշաճ վարձ,
մոլորյալին` վերադարձ,
երազողին՝ որ փնտրի,
ով փնտրում է, որ գտնի։
Հանկարծ շատ չհամարեք.
Հիմարներին՝ մի քիչ խելք,
նեղն ընկածին՝ մի նոր ելք,
վայր ընկածին՝ լոկ վերելք:
Ագահները՝ հագենան,
նախանձները՝ լիանան,
ովքեր էլ կան նվնվան՝
ունեցածով գոհանան:
Վախկոտներին՝ քիչ ոգի,
որ չզիջեն ոչ ոքի,
տգետներին՝ գիտելիք,
պարապներին՝ անելիք:
Կյանքը լինի անվտանգ,
ոչ մի կարիք չունենանք,
ապրենք կյանքով հոգևոր
ու միշտ լինենք բախտավոր։
Մանուկներին՝ նվերներ,
ողջ ու առողջ` հեր ու մեր,
միշտ համերաշխ, առավել`
տատն ու պապն էլ գլխանց վեր։
Ով պանդուխտ է, գաղթական,
դատարկ թողած, լքված տան
կորստով է տառապում`
վերադառնա նորից տուն։
Ով զինվոր է սահմանին՝
դեմը դողա թշնամին
ու չփորձի նենգորեն
մեր անդորրը խանգարել:
Հայրենիքին մեր անտեր,
որպես անգին մի նվեր,
թող որ բերի այսուհետ
ազգանվեր վարչապետ։
Ով լրտես է, դավաճան,
արդար պատժի է արժան,
փակեն բանտում, հիրավի,
ցմահ մեղքերը քավի:
Իսկ մեր մաղձոտ թշնամին,
որ ծնկի գա այս տարի,
թողնի բնույթն աղվեսի,
ներում մեզնից աղերսի:
Թող այս գալիք Նոր տարին
աշխարհի ողջ հայերի
տարածքները մեր գերի,
կորստները հետ բերի։
Լինի մի մե՜ծ հայրենիք,
միահամուռ ընտանիք,
ու Հայքը մեր միացյալ,
ապրի հավերժ, հավիտյան:
Վահրամ Օհանջանյան